Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ծիածան կամ աղեղն երկնից

Ծիածան կամ աղեղն երկնից
15.09.2009 | 00:00

ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻՆ
Իվան ԻԼՅԻՆ
«Զաղեղն իմ եդից յամպս, եւ եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտն ընդ Իս եւ ընդ ամենայն երկիր»։
Ծնունդ, Գլ. Թ., 13
Դանդաղորեն անցնում է զորեղ ամպրոպը։ Հենց նոր էր անձրևը հորդում, դեռ պտույտ է գալիս ամպերի քաոսը, դեռ բարկացած դղրդում է ամպրոպը, դեռ սարսելով փայլատակում են կայծակները, ամեն ինչ ցնցված է ու խլացած։ ՈՒ հանկարծակի հայտնվում է նա` եթերային, համարձակ և ցնծալի։ Եվ ամենքը նայում են վերև` նրան. «Նայե՛ք, դե, նայե՛ք»։ Ինչքա՛ն լուրջ էր երկնային խռովության այդ ժամը, որքան հանդիսավոր, նախազգուշացնող և զայրացկոտ էր խոսում մեզ հետ բարձրագույն զորությունը, ու միանգամից, ինչպես բարձրագույն դատավորի մեղմ ժպիտ, ինչպես ներում և հրաժեշտ ողբերգական ժամից հետո, ինչպես ծիծաղկոտ խաղ կատարյալ լրջությամբ մեր վերևում ցնծում է եթերանման և անվեհեր աստվածային աղեղն երկնից։ Մարդը բերկրանքով վայելում է այդ վսեմ տեսարանը, միամտորեն հուսալով, որ այն կապ ունի իր հետ, բոլորիս հետ։ Մեզ համարեցին հանդիսատես, մեզ ցանկացան ինչ-որ բան հայտնել, ինչ-որ բան տալ, մեզ հարկավոր էր ինչ-որ բան նկատել, ասես կարդալ ինչ-որ բան երկնքում ու վերցնել այն մեր կյանքի մեջ։ ՈՒստի խոսքը հիմա այն մասին է, որ արագ կենտրոնանանք, մոռանանք ամեն ինչ և ապրենք ըստ երկնային նշանակի, քանզի հիանալի րոպեները հաշվված են, ու նշանը շուտով կանհետանա։
Նա անշշունջ անհայտանում է ու գունազրկվում իր թռիչքի մեջ, որն իր գիրկն էր առել աշխարհը` բոլորովին այլ ձևով, քան աղմկոտ քամին, քան մտրակող անձրևը, քան կայծակը, որն ուղեկցվում է թնդյունով։ Ոչ մի հնչյունով չի հաղորդում իր մասին հանդարտ շքեղությունը, ոչ մի շրշյուն չի տեղեկացնում իր հայտնվելու մասին։ Իսկական հաղթողին շեփորներ պետք չեն, իսկական հերոսը երևան է գալիս առանց մունետիկի։ Սև ամպերի քաոսի, անձրևի բուռն մոլեգնության, բնության այդ ամբողջ խառնաշփոթության միջից` այդ ամենի վերևում, որը ծառս էր արել վայրենի տարերքը, վեր է բարձրանում, մտերմաբար ու բարեհամբույր շողալով, կատարյալ, ջինջ մի կերպարանք, ամենաբացարձակը բոլորից` շրջանի տեսքով։ Ճիշտ է, երևում է միայն նրա կեսը, հնարավոր է, մինչև իսկ կեսից ավելի քիչ։ Բայց մեր ներքին հայեցությունն արդեն ցնծում է, լրացնելով այն, նրան բավական է շրջանի կատարյալ կերպարանքի միայն մի հատված, և նա արդեն վայելք է ապրում կարծես ամբողջական, կատարյալ շրջանի, քանի որ շրջանի օրենքն արտահայտվում է իր յուրաքանչյուր հատվածում։ Բայց, այնուամենայնիվ, շրջանի այդ ձևը մենք չենք ստեղծել, ոչ մի մարդ չի նկատել այն, ոչ մեկը մինչև իսկ չի էլ պատկերացրել այն իր երևակայության մեջ։ Ավելի շուտ նա եկել է մեզ մոտ դրսից, օբյեկտիվ և իրապես, նա նայում է մեզ վրա, ներքև, երկնքից, իր շողացող ու թեթև ցնծության մեջ։ Ծիածան է կոչվում ակնթարթի այդ ցնծացող շրջանը, որն իսկույն ևեթ գոհացնում է ու քաջալերում մեր ենթագիտակցական ձգտումը կատարյալ ձևի երկնքի ու աշխարհի մեծ մասշտաբով, և հաստատում է մեր անարվեստ նկարներն ու պատկերացումները, ցույց է տալիս ձևի հաղթանակն անձևության վրա, օրենքինը` տարերքի վրա, կարգ ու կանոնինը` անարխիայի վրա։ Դա ծիածանն է` ամպերի հեզաբարո հյուրը, որը կարծես անխոս շշնջում է մեզ. «Մի՛ սարսափեք, մարդիկ։ Կատարելության շունչն ավելի ուժեղ է, քան աշխարհի բոլոր սարսափները։ Միմիայն երազեք, հանգիստ երազեք վեհ գեղեցկության իշխանության մասին։ Դրանք դատարկ երազանքներ չեն։ Ձեր երազանքներով անրջում է և աշխարհը։ Ճշմարիտ ու մարգարեական են այդ պատկերները։ Չէ՞ որ խորհրդավոր համաչափություն կա ձեր ու տիեզերքի միջև։ Եվ սուրբ իշխանությունը երաշխիքն է հոյակապ օրենքի հաղթանակի»։ Այդպես երկնքից իջնում է մեզ մոտ հիանալի սփոփանքը։ Սփոփանք և քաջալերում։ Անդորրացում և պայծառացում։ Համաշխարհային ներդաշնակության անաղմուկ հայտնություն։ Սպառնացող ու մոլեգնող վիհի ուժերի վրա բարձրագույն զորության ապագա հաղթանակի խոստում։ Հիմա թող փորձեն համոզել մեզ, որ դա միայն գույների պատահական խաղ է, միայն արվեստի տարօրինակ մի պահ բնության մեջ, միայն արևի վաղանցիկ արտացոլում թխպամպերի վրա։ Մեր սիրտը գիտի դրա մասին անհամեմատ շատ, մեր զգացողությունը չի խաբվում խորհրդանիշների խորունկ նշանակության մեջ։ Նա դեռ այստեղ է, այդ շողացող հյուրը։ Նրա պայծառությունը դեռ շնչում է, դեռ ապրում են նրա թեթև, շողշողացող գույները։ Ի՜նչ վիթխարի է այս հարստությունը։ Ի՜նչ հստակ են համայնապարփակ աստիճանները։ Ի՜նչ կանոնավոր ու գեղեցիկ է նրանց կապը։ Այսպիսով, գույների այդ վառությունը ապրո՞ւմ է երկնքում։ Թե՞ նա ի վերուստ առաքված է ավելի շուտ արևի կողմից դեպի մեզ, որպես շնորհ, որպես կանչ, որպես ստեղծարար աղբյուր։ Ո՞վ մեզնից կարող է նայել արևի շլացնող աչքի մեջ։ Ավելի շուտ` ոչ մեկը։ Բայց ահա նա երևում է մեզ, բաց անելով իր էությունը, մեղմած իր վառությունը, հավատարիմ ու անփոփոխ իր ձևով, որպեսզի մենք նայենք նրան, որպեսզի ուրախանանք, որպեսզի սիրենք նրան։ Նա բացվում է մեզ ծիածանի տեսքով, որպեսզի մեր աչքը կարողանա դիմանալ նրան։
Ծիածա՜ն, դու արևի ստվերն ես։ Դու հավիտենության ցոլքն ես։ Դու Աստծո խորհրդանիշն ես երկրային գոյության վշտի հովտում։ Ի՜նչ ուրախալի է, որ մենք այսօր տեսանք քեզ։ Ի՜նչ երջանիկ է այն տեղը երկրի վրա, որտեղ կբարեհաճի հանգստանալ քո լուսասփյուռ պատկերը։
Թարգմանեց և տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ